Աշխարհը հաստատապես կանգնած է մեծ վերաձևումների առաջ: Տևական ժամանակ Մերձավոր Արևելքում` Թունիսից մեկնարկած «գարունների» ու «հիբրիդային հեղափոխությունների» շրջադարձային էֆեկտը, որ զգալի եղավ նաև Եվրոպայի արևելյան մասում` ՈՒկրաինայում, սկիզբն էր այն ամենի, ինչը պետք է «կանոնակարգեր» այդ վերաձևումը: Գործընթացները Սիրիայում, ռուսական օդային հարվածներից հետո, կարելի է ասել, հասել են իրենց կես ճանապարհին: Մո՞տ է հանգուցալուծումը: Բնա՛վ:
Աշխարհի առաջին, երկրորդ բաժանումները` վերջին երկու դարում, արյան ծովերի միջով եղան, ու սիրիական խմորը դեռ շատ ջուր կքաշի: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ բացարձակապես չգիտենք իրական մոդերատորների թաքուն և իրական նպատակները, որոնց առնչությամբ էլ պետք է անպայմանորեն ասվի. «Խորհուրդ մարդկանց, կամք` Աստծո»:
Բոլոր դեպքերում արձանագրենք. այն, ինչ անում է Ռուսաստանը, ռուսական «արջի» համառության, ռիսկայնության մասին է խոսում, որովհետև, որքան էլ Մըկքեյնը (ի դեպ, օրերս համացանցում տարածվեց վերջինիս լուսանկարը` Իսլամական պետության առաջնորդներից մեկի հետ) ասի, որ Ռուսաստանը ոչ թե Իսլամական պետության հարցերն է լուծում, այլ Ասադի իշխանության պահպանման, այնուհանդերձ, առաջին հայացքից ԱՄՆ-ը կանգնած է «պատի» առջև, որովհետև կա՛մ պետք է սատարի Ռուսաստանին` Իսլամական պետության ոչնչացման հարցում, կա՛մ ցուցանի, որ իսկապես իրենց «մըկքեյնական» «ծննդատներում» է ստեղծվել ԻՊ-ը:
Հասկանալի է` ԱՄՆ-ն ընտրել է երրորդ ուղին, առայժմ իր փոխարեն խոսում են արևմտյան կոալիցիայի երկրները` Սաուդյան Արաբիան, Թուրքիան… Մի պահ ձգենք դադարը` այս ամենը դիտարկենք մեր շահերի տեսանկյունից:
Ճիշտ է, կռվում փլավ չեն բաժանում, և ինչպես կասեր Դոստոևսկին` մեկ մանկան արցունքը մի ողջ աշխարհ արժե, այնուհանդերձ, այս պահի դրությամբ հայաստանյան շահերը դեռևս շատ վտանգված չեն:
ա) Սերժ Սարգսյանը կարողացավ անչափ դրական «սալդո» անել ՄԱԿ-ի գագաթնաժողովում` ևս մեկ անգամ գրագետ բալանսավորելով հայոց արտաքին քաղաքականությունը:
բ) Սերժ Սարգսյանը կարողացավ բալանսավորված պահել նաև Ադրբեջանի հետ «փոխառնչությունը»: Նկատի ունենք նախ` ՄԱԿ-ում հնչած համարժեք հարվածների մասին հայտարարությունը, որ արդեն իրականացնում են մեր զինված ուժերը, և ապա` Ղարաբաղի` Հայաստանի անքակտելի մաս լինելու հայտարարությունը, որը կիրագործվի, ի անհրաժեշտություն, Աստված մի արասցե, ֆորսմաժորային իրադրության դեպքում:
գ) Սերժ Սարգսյանի այս հայտարարությունները հարակցվեցին հանրաքվեի նկատմամբ չբրգացող ընդդիմախոսների պայքարի ֆոնին, ասել է թե՝ վերջիններիս ասելիքը խլացավ թվարկված հաշվարկների «ծովում»:
դ) «Վերադառնանք» Սիրիա և արձանագրենք, որ զարգացումները Սիրիայում, Ասադի ռեժիմի (ով Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել) պահպանումը մեզ ձեռնտու տարբերակներից է:
ե) Իհարկե, պետք չէ շտապել և ուրախանալ Էրդողան-Ռուսաստան բանավեճով, այնուհանդերձ, Իսլամական պետության հաջորդ «ծննդատուն» Թուրքիայի ղեկավարի վերջին հաթաթաներն ընդդեմ Ռուսաստանի, նույնպես հետաքրքիր են` մեր շահերի տեսանկյունից: Եթե այդ ամենին էլ հավելում ենք, որ իսլամիստների «պետությունը» սիրող Թուրքիայում և Ադրբեջանում առաջիկայում պառլամենտական ընտրություններ են, որոնց արդյունքում ինչ ներքին քարտեզներ կգծվեն, դեռ պետք է սպասել` հասկանալու, թե տարածաշրջանում ևս ինչ «քարտեզներ» են գծվում։
Բոլոր դեպքերում պետք չէ զգոնությունը կորցնել։ Խաղաղությունները նախորդում են փոթորիկներին և հակառակը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ